Հայաստանում առաջին փաստահիմնավորված ջատագովության՝ ԲիզՊաշտպան էլ․ հարթակի պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին

Երևան, նոյեմբերի 15, 2017թ․ –  Այսօր «Բիզ Պաշտպան» (www.bizprotect.am) կայքի կայացած պաշտոնական շնորհանդեսին ներկայացվել են էլեկտրոնային հարթակի կողմից բիզնեսին առաջարկվող հնարավորությունները, մինչ այժմ արձանագրված հաջողություններն ու հետագա անելիքները։

Գործարար միջավայրի բարեփոխման, կոռուպցիոն ռիսկերի և հանցագործությունների բացահայտմանն ուղղված «Բիզ Պաշտպան» (www.bizprotect.am) հարթակը ստեղծվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում և մշակվել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ)։ Հարթակը հնարավորություն է ընձեռնում վերհանել Հայաստանում բիզնեսի խոչընդոտները, հայտնաբերել կոռուպցիոն ռիսկերն ու նպաստել այդ խնդիրների հետագա լուծմանը։ Կայքն ընձեռում է հնարավորություն ահազանգել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին նաև պահպանելով տեղեկություն հայտնողի գաղտնիությունը։ Հայտնած տեղեկության իսկությունը ստուգվում է և սեղմ ժամանակում պատասխան է տրամադրվում խնդրի վերաբերյալ։ Գաղտնիության առավել պաշտպանություն ստանալու նպատակով հայտերը ներկայացվում են TOR ինտերնետային բրաուզերի միջոցով, որը քողարկում է հայտատուի IP հասցեն և կոդավորում է տվյալները:

Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի «Մասնավոր հատվածի զարգացման և առևտրի» ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովն, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար տիկին Եվա Մարիա Նահերը և ԻՏՁՄ նախագահ պրն․ Կարեն Վարդանյանը:

Ստանիսլավ Տոշկովն ընդգծեց մասնավոր հատվածի կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված հանրային քննարկումներին մասնակցության կարևորությունն, իսկ Էվա Մարիա Նահերը կարևորեց բիզնեսի ներկայացուցիչների համախմբվածությունը՝ նշելով, որ bizprotect.am կայքը նաև լավ հնարավորություն է այդ սուբյեկտներին միավորելու համար։ Ըստ Կարեն Վարդանյանի bizprotect.am-ը լավ գործիք է, սակայն այն արդյունավետ կլինի, եթե բիզնեսի ներկայացուցիչները իսկապես օգտվեն դրանից։

Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովայի կողմից ներկայացվել են ծրագրի շրջանակում ասոցիացիայի կատարած աշխատանքներն ու արդյունքները կատարված աշխատանքներն ու արդյունքները։ Ասոցիացիայի լոբբի բիզնեսի շահերի պաշտպանության մենեջեր Ստելլա Միքայելյանը ներկայացրեց համապատասխան ոլորտում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքն, ուղղված առաջարկները և հաջողությունները։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց ԻՀԱ-ի ներդրումը ծրագրում և իրականցված աշխատանքներն ու արդյունքները։

ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանի խոսքերով bizprotect.am-ը հնարավորություն է տալիս պետական մարմիններին իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ ազդակներ ստանալ բիզնեսի ներկայացուցիչներից, և այդ ազդակները կարևոր են իրենց աշխատանքը բարելավելու համար։

Կայքի շնորհանդեսին իր ողջույնի խոսքն ասաց նաև «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ՓՄՁ շրջանակի զարգացման և բիզնես ասոցիացիաների գծով խորհրդատու Մարիամ Բաբայանը և ներկաների ուշադրությանը ներկայացրեց «ԲիզՊաշտպան» էլեկտրոնային հարթակին նվիրված ֆիլմը։

Միջոցառման երկրորդ մասում պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների կողմից հարցեր հնչեցին կայքի գործառույթների վերաբերյալ, քննարկվեցին առնչվող մի շարք հարցեր։

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: