Մարտի 31-ին ԵԲԱ-ն, ԻՏՁՄ-ն և ԻՀԱ-ն անցկացրին հարկային բարեփոխումների իրազեկում և նոր հարկային Օրենսգրքի հիմնական խոչընդոտների վերաբերյալ կլոր սեղան-քննարկում

Մարտի 31-ին Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան (ԵԲԱ), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) կազմակերպեցին «Հարկային բարեփոխումների իրազեկում և նոր հարկային Օրենսգրքի հիմնական խոչընդոտները» թեմայով կլոր սեղան – քննարկում, որն իրականացվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում։

Կարևորելով հանրային-մասնավոր երկխոսության հարթակների նշանակությունը Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծման գործընթացում՝ միջոցառումն միտված էր նոր հարկային Օրենսգրքի իրազեկմանը և բիզնեսի համար պոտենցիալ խոչընդոտների քննարկմանը։ Բիզնես համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու  հարկային բարեփոխումներին, այլև ստանալու անհրաժեշտ պարզաբանումներ բիզնեսին վերաբերող հարկային բարեփոխումների մասին համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների և փորձագետների կողմից։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը և “Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում” ծրագրի թիմի ղեկավար Եվա Նահերը ունեցան ողջույնի խոսք և ընգծեցին ծրագրի կարևորությունը։

ՀՀ ԿԱ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը ներկայացրեց հարկային ոլորտում օրենսդրական բարեփոխումները։ Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչ Վարդան Մարությանը ներկայացրեց շահաբաժինների հարկման, տեխնիկական սխալների, հարկման հատուկ համակարգերից ընդհանուր համակարգին անցման և զբոսաշրջության ոլորտում ԱԱՀ-ի կիրառության հիմնախնդիրները։ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության ներկայացուցիչ՝ Արկադի Սահակյանը ներկայացրեց սահմանի վրա ԱԱՀ գանձման և «ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ռիսկերն ու խնդիրները։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ՝ Մարիամ Զադոյանը ներկայացրեց եկամտահարկի, շրջանառության հարկի և գերավճարների ոլորտում ռիսկերն ու խնդիրները։ «Քեյ-Փի-Էմ-Ջի Հայաստան»-ի հարկային գծով ավագ ղեկավար Շողիկ Ղարիբյանը ներկայացրեց նոր հարկային օրենսգիրքը և աշխատանքային հարաբերությունների կարգավորումը։

Քննարկման ընթացքում բիզնես համայնքի ներկայացուցիչներին ներկայացվել և մեկնաբանվել են բիզնեսին վերաբերող տարբեր խնդիրներ կապված նոր հարկային Օրենսգրքի հետ։ Տեղական և օտարերկրյա ընկերությունների, ինչպես նաև Հայաստանում բիզնեսի աջակցության գրասենյակների ներկայացուցչները, արտահայտեցին տեսակետեր հարկային ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ և ստացան, մասնավորապես, Հայաստանում բիզնեսի կայուն զարգացման և արտաքին ներդրումային կլիմայի բարելավման վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ հարկային օրենսդրության փոփոխության համատեքստում։

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը  գործարկվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի (Կոնսորցիում) հետ համագործակցությամբ: «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է  Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: