Հայկական շատ փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ) կարծում են, որ իրենց խնդիրները սկսվում են երկրի սահմաններին՝ Հայաստանի իշխանությունների կիրառված հարկային և մաքսային կարգավորումների պատճառով: Այնուամենայնիվ, նրանից քչերն են բարձրացնում այս խնդիրները, քանի որ շատ ձեռնարկատերեր մտահոգված են իրենց գաղտնիության և քայլերի հետևանքների վերաբերյալ: Գործոններ, որոնք բիզնեսի զարգացման համար խոչընդոտներ են ստեղծում: Այստեղ օգնության է գալիս bizprotect.am կայքը՝ նոր ազդարար կայք, որտեղ ՓՄՁ-ները կարող են անանուն հաղորդել բիզնես ռիսկերի և իրենց առաջ ծագող այլ խնդիրների մասին:
Bizprotect.am կայքը ստեղծվել է ԵՄ-ի ֆինանսավորած SMEDA (Support to SME Development in Armenia, թարգմանաբար՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) նախագծի շրջանակներում, որը մաս է կազմում ԵՄ-ի՝ մասնավոր սեկտորին լայն աջակցությանը՝ EU4Business նախաձեռնության ներքո: Երբ որ բիզնես ներկայացուցիչը կայքում տեղադրում է բողոքը, կայքի փորձագետները ուսումնասիրում են հաղորդումը և արագ պատասխան են տրամադրում: Նույնիսկ փորձագետները չգիտեն, թե ով է տեղադրում հաղորդումը, ինչը նշանակում է, որ կայքը 100 տոկոս անոնիմություն է ապահովում: Կայքը պատրաստվել է SMEDA-ի շրջանակներում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը իր կոնսորցիում գործընկերներ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ: Կայքը ստեղծվել է 2017 թվականի ապրիլին: Եվ վերջին 5 ամսվա ընթացքում արդեն ստացել է 32 հայտ, որոնցից 10-ը հաստատվել է:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանն ասում է, որ ծրագրի շրջանակներում իրենք բազմաթիվ հանդիպումներ են ունեցել բիզնես ներկայացուցիչների հետ ինչպես մայրաքաղաք Երևանում այնպես էլ Հայաստանի մարզերում: Նրանք քննարկել են հարկային և մաքսային ծառայությունների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև ազատ տնտեսական մրցակցության վերաբերյալ հարցերը. «Քննարկումների ժամանակ մենք բարձրացրել էինք մի շարք խնդիրներ, որոնք որ արդեն ծրագրի ավարտին որպես առաջարկությունների փաթեթ կներկայացվի կառավարությանը: Եվ մենք ծրագրից հետո հետամուտ ենք լինելու, թե որքանով են մեր ուղարկած առաջարկությունները կյանքի կոչվում, որովհետև դրանք եկել են պրակտիկ կյանքից և այսօր ամենաշատ հուզող հարցերն են, որոնք նաև խոչընդոտում են բիզնեսի առաջընթացին: Իսկ մենք ուզում ենք ունենալ հզոր տնտեսություն, և այդ ամենը կօգնի մեկ քայլ առաջ գնալ և զարգացնել մեր երկիրը»:
Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովայի խոսքերով՝ նախագծի շրջանակներում իրենց հաջողվել է ստեղծել պետական-մասնավոր երկխոսության այնպիսի մի հարթակ, որտեղ բիզնեսները սկսեցին վստահել. «Մենք այս մի տարվա ընթացքում արդեն զգում ենք, որ այդ վստահության մակարդակը բարձրացել է, ու բիզնեսները ավելի ակտիվ են սկսել խոսել իրենց խնդիրների մասին: Բազմաթիվ հաջողության պատմություններ ունենք: Եվ հասկացանք, երբ միասին եք աշխատում, շատ մեծ արդյունքների կարելի է հասնել Հայաստանում»:
Հեղինակ՝ Ամի Չիչակյան
«Նորարարությունից մինչև սոցիալական ձեռնարկատիրություն․ Ինչպես է EU4Business-ը նպաստում ՓՄՁ զարգացմանը և ինչպես են ձեռնարկատարկերերը արձագանքում» հոդվածը հրատարակվել է Aravot.am-ի կողմից և հասանելի է հայերեն և անգլերեն։