Դեկտեմբերի 15-ին մեկնարկել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կողմից իրականացվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կստեղծվի նոր հարթակ, որը միտված է Հայաստանում վերհանել բիզնեսի խոչընդոտներ, հայտնաբերել կոռուպցիոն ռիսկեր և լուծում տալ այդ խնդիրներին ազդարարների ինստիտուտի ներդրմամբ։ Ինչպես նաև, ծրագիրը նպատակ ունի մեծացնել գործարար անդամակցության վրա հիմնված կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների ազդեցությունը՝ ՓՄՁ ոլորտի բարեփոխումները խթանելու համար:
Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան փաստեց․ քանի որ ծրագիրն ուղղված է բիզնեսին խոչընդոտող խնդիրների վերացմանը և նրա զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, ապա ի սկզբանե, հարթակը նախատեսված է լինելու գործարարների համար և վերհանված խնդիրներն էլ համապատասխանաբար վերաբերելու են հարկային, մաքսային, լիցենզիաների և թույլտվությունների, ազատ տնտեսական մրցակցության, պետական գնումների և այլ ոլորտներին, սակայն հետագայում կարող են այս հարթակից օգտվել նաև անհատներ:
«Բոլոր դիմումները վերլուծվելու են, կազմվելու են համապատասխան հաշվետվություններ, ներկայացվելու են օրենսդրական առաջարկներ», – հավելեց նա։
Ինչպես նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ծրագրի հիմնական նպատակը բիզնես ազդարարների հարթակի ստեղծումն է:
«Յուրաքանչյուր ՓՄՁ ներկայացուցիչ, չբացահայտելով իր անձը, կարող է հայտնել հավաստի տեղեկություններ ինչպես ոլորտի խնդիրների, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ և վստահ լինել, որ տեխնիկապես կապահովի իր անձի գաղտնիությունը», – նշեց Կարեն Զադոյանը և ավելացրեց, որ ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է կառավարության և մասնավոր սեկտորի միջև համագործակցությունը:
ԻՏՁՄ ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանի խոսքերով ծրագրի շրջանակներում կլինի թափանցիկ պլատֆորմ, որտեղ բիզնեսը կներկայացնի օրենսդրական դաշտին առնչվող այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բիզնեսին:
«Կլինի ինտերնետային կայք, կաշխատեն խորհուրդատուներ, որոնք առցանց խորհրդատվություն կտան դիմողներին: Կայքը կլինի մշատպես գործող և կառավարության ուշադրության ներքո, որպեսզի կառավարության հետ համատեղ խնդիրը լուծվի», – ասաց նա։
«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Առնչվող հրապարակումներ IRAVABAN.NET կայքից՝ «Նոր հարթակը միտված կլինի բիզնեսի խոչընդոտները վերացնելուն»