Մայիսի 11, 2017թ․ – Եվրոպական բիզնես ասոցիացիան մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստին, որին մասնակցել են խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների, ՀՀ ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Խորհրդի նիստի ընթացքում ընդգծվել է, որ խորհուրդը մեծ նշանակություն է տալիս նաև հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների առաջարկներին և նպաստում է քաղաքացիական հասարակություն-պետություն արդյունավետ համագործակցությանը:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև հարկ վճարողների շահերը ներկայացնող կազմակերպությունների, այլ հասարակական միավորումների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված` հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված մի շարք առաջարկություններ: Մասնավորապես` քննարկվել է ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման համակարգի վերանայման, ծառայությունների մատուցման դեպքերում ծառայությունները մատուցելուց հետո հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հնարավորություն ընձեռելու, շրջանառելի բազմակի օգտագործման տարաների ԱԱՀ-ով հարկման, ինչպես նաև այլ հարցեր: