Երևան, հունիսի 16, 2017 – Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան մասնակցեց պետական եկամուտների վարչարարության հասրակական խորհրդի հերթական նիստին, որին ներկայացվել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը։
Նիստին քննարկվել են օրինապահ հարկ վճարողների տնտեսական խթանների ընդլայնման, էլեկտրոնային կառավարման համակարգում ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ներդրման, վարչական պատասխանատվության ինստիտուտի վերանայման հարցերը: Ակտիվ քննարկումներ են ծավալվել նաև ՀԴՄ շահագործման կանոնների պատասխանատվության բարձրացման շուրջ: Մասնավորապես, առաջարկվել է կամայական դրսևորումների բացառման նպատակով ներդնել հսկիչ գնումների գործընթացի տեսանկարահանման մեխանիզմ:
Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստում կոմիտեի ղեկավարը կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին և ընդգծել, որ այս փուլում ևս համատեղ ջանքերով պետք է հասնել էական արդյունքի: Իրենց հերթին դրական գնահատելով առաջին փուլի արդյունքները, հասարակական կառույցների ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ երկրորդ փուլից նույնպես էական սպասումներ ունեն: