Երևան, ապրիլի 28, 2017 – Եվրոպական բիզնես ասոցիացիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան համատեղ համագործակցության հուշագիր կնքեցին, որի նպատակն է պաշտպանել Հայաստանում բիզնեսի շահերը։
«Մենք Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ ունենք ակտիվ համագործակցություն և այսօր այն թղթի վրա ենք ամրագրում, հույսեր ենք կապում, որ հետագայում բիզնես մթնոլորտն էլ ավելի կզարգանա ու իրավական դաշտը կկարողանանք միասին բարեփոխել, ինչը բավականին կարևոր է մեր կազմակերպությունների համար»,- շեշտեց Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։
«Մեր կարևորագույն խնդիրն է դառնում հետևողական կերպով պաշտպանել բիզնեսի իրավունքները, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի իրավունքների, շահերի պաշտպանության առումով, ինչպես նաև ստեղծենք գործուն մեխանիզմներ, արդիական և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, որպեսզի առավել արդյունավետ իրականացնենք բիզնեսի խախտված իրավունքների պաշտպանությունը»,- համաձայնագիրը ստորագրելուց առաջ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ հավելելով, որ հուշագրով երկու կազմակերպությունները նպատակ են հետապնդում բարձրացնել գործարարների իրազեկվածության և հակակոռուպցիոն ընկալման մակարդակը։