Նոյեմբերի 25-ին Եվրոպական բիզնես ասոցիացիան կազմակերպել է կլոր սեղան/քննարկում իրազեկելու նոր հարկային օրենսգրքի և մաքսային ընթացակարգերի բարեփոխումների այն դրույթները, որոնք կարևոր են բիզնեսների՝ մասնավորապես արտաքին ներդրողների համար։ 50-ից ավել գերմանական, ֆրանսիական, անգլիական, իտալական, շվեդական, շվեյցարական, հայկական և այլ բիզնես ներկայացուցիչներ մասնակցեցին քննարկմանը։
ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ պարոն Արման Պողոսյանը ներկայացրեց նոր հարկային օրենսգրքի մի շարք կետեր՝ հեղափոխական համարելով դրանք Հայաստանի համար։ Նա պարզաբանումներ տվեց նաև այն կետերին, որոնք կարևոր են արտաքին ներդրողների համար, մասնավորապես դիվիդենդներին վերաբերող 5% և 10% տոկոսների հարցը, նշելով որ այն դեպքերում երբ երկրների միջև կնքված են համապատասխան համաձայնագրեր դիվիդենդների հարկման դրույքաչափը կիրառվելու է հավասար պայմաններում (5% չափով)։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հարկային բարեփոխումների ծրագրի
հարկային փորձագետ Անժելա Մեսրոպյանը հանդես եկավ օտարերկրյա ներկայացուցիչներին վերաբերող նոր հարկային օրենսգրքի տրանսֆերային գնագոյացման մասին գլխի ներկայացմամբ։
ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության պետ պարոն Գևորգ Սաղոյանը ներկայացրեց մաքսազերծման ընթացակարգերի բարելավման, Եվրասիական տնտեսական միության և տարանցիկ փոխադրումների հարցերը։
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Մաթիաս Լիխթենբերգերը նշեց թե որքանով կարևոր են իրազեկման նմանատիպ միջոցառումները բիզնեսների հետագա գործունեությունը հեշտացնելու համար։
Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան շնորհակալություն հայտնեց ՊԵԿ-ի ներկայացուցիչներին ակտիվ համագործակցության համար շեշտելով պետական մասնավոր երկխոսության նշանակությունը բիզնես մթնոլորտի բարելավման և որպես արդյունք արտաքին ներդրումների ներգրավման համար։
Բիզնեսի ներկայացուցիչները նշեցին միջոցառման կարևորությունը, շեշտելով նոր հարկային օրենսգրքի վերաբերյալ իրազեկման անհրաժեշտությունը նաև գալիք տարվա ընթացքում։ Նրանք բազմաթիվ հարցեր ունեցան հարց/պատասխանի ժամանակ և ստացան համապատասխան պատասխաններ։ Նրանք նշեցին թե որքան կարևոր է իմանալ նախապես սպասվելիք փոփոխությունների մասին և ճիշտ մեկնաբանել այս կամ այն փոփոխությունը։
Չնայած որ հարկային օրենսգիրքն արդեն ընդունված է, մենք դեռևս կունենանք հնարավորություն համապատասխան բարելավումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու։
Հարկային օրենսգրքի վերաբերյալ ներկայացված կետերը․
Հարկային քաղաքականություն
– ԱԱՀ-ի դեբետային գումարների՝ կիսամյակային պարբերականությամբ վերադարձ
– Լիազորված տնտեսական օպերատորներին և ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնողներին ներմուծման գծով ԱԱՀ-ից ազատման արտոնության տրամադրում, եթե ներմուծված ապրանքները 180 օրվա ընթացքում վերաարտահանվում են
– Շահութահարկի գծով կանխավճարների այլընտրանքային համակարգ
– Շահութահարկի գծով կատարվող ծախսերի ազատականացում
– Ամորտիզացիոն մասհանումների համակարգ
– ԱԱՀ-ի շեմ
– Շահաբաժիններ և պահված եկամտային հարկի վերադարձ
– Արժեթղթերի հետ կատարվող գործառնություններից ստացվող գույքի արժեքի հավելաճի՝ հարկումից ազատում
– Ներդրումային ծրագրեր
Հարկային վարչարարություն
– Միասնական գանձապետական հաշվի համակարգ
– Հորիզոնական մոնիտորինգի համակարգ
– Հարկային վարչարարության և ստուգումների կրճատում, ընթացակարգերի կատարելագործում
– Տույժերի և տուգանքների նվազեցում
– Հարկային մարմինների և հարկ վճարողների շփումների կրճատում
– Բացառապես էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացում, գրանցումների կատարում, հաշվարկային փաստաթղթերի դուրս գրում, անձնական հաշվի քարտերի վարում: