Հայաստանում կիրագործվի բիզնես ոլորտում ազդարարների ինստիտուտի զարգացման ծրագիրը

Դեկտեմբերի 15, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և գործընկեր կազմակերպությունների կոնսորցիումը, որի կազմում են Եվրոպական բիզնես Ասոցիացիան, Իրավաբանների հայկական ասոցիացիան և կոնսորցիումի ղեկավարումը իրականացնող գործընկեր՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կնքեցին «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը հավանության է արժանացրել գործընկեր կազմակերպությունների կոնսորցիումի ծրագրի գաղափարն, որն առաջարկել է Իրավաբանների հայկական ասոցիացիան։

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել գործարար անդամակցության վրա հիմնված կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների ազդեցությունը՝ ՓՄՁ ոլորտի բարեփոխումները խթանելու համար:

Բացի այդ, նախատեսվում է ծրագրով ուժեղացնել կառավարություն-մասնավոր հատված երկխոսությունը, գործարկել նորարարական կայք, որը կապահովի բիզնես ոլորտի ազդարարների (whistleblowers) կողմից տեղեկատվության հայտնումն ու նրանց գաղտնիության ապահովումը, ինչպես նաև հատկորոշել բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը՝ իրավիճակը գնահատելու և համապատասխան բարեփոխումների առաջարկներ մշակելու համար:

Ծրագրի իրականացման համար Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը տրամադրելու է մոտ 100 հազար եվրո:

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է  Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: