Հայաստանում բիզնեսի խոչընդոտների վերհանումը կլինի ավելի արդյունավետ Ազդարարների հարթակի միջոցով

Հայաստանում բիզնեսի խոչընդոտների վերհանումը կիրականացվի ավելի պարզ և արդյունավետ կերպով՝ «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում գործարկվող նոր ազդարարների հարթակի գործունեության միջոցով։

Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից, որը «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իր իրականացման պայմանագիր է կնքել Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և կոնսորցիումի ղեկավարումը իրականացնող գործընկեր՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ։

Եվրոպական բիզնես ասոցիացիայի բիզնեսի զարգացման ղեկավար Գարեգին Գալուստովը ներկայացրեց Հայաստանում գործարարների հետ բիզնեսի խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրության համար հարցման ընթացքում առկա հիմնական հոգեբանական արգելքները։

«Եվրոպական բիզնես ասոցիացիայի իրականացրել է ուսումնասիրություն 140 ընկերությունների հետ կատարված հարցումների հիման վրա։ Հարցումների ընթքացքը ցույց է տվել, որ մարդիկ չեն ցանկանում բաց և թափանցիկ արտահայտել իրենց խնդիրները։ Արդյունքում երկար ժամանակահատված է պահանջվում մինչև երկխոսությունը կայանում է կամ մինչև հարցվողները մեր կողմից վստահեցված են լինում, որ չկա հետագա անցանկալի հետևանքների վտանգը նրանց համար»,- նշեց բանախոսը:

«Հայաստանում առկա չէ բիզնես ազդարարների պաշտպանության համակարգ՝ հիմնված նորարար տեխնոլոգիաների վրա», – նշում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

«Այս խնդիրը փորձելու ենք լուծել «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում: Մեր ծրագիրն իր մեջ և՛ նորարարություն է պարունակում` բիզնես ոլորտի խնդիրները հատկորոշելու համար, և՛ ՓՄՁ-ների իրավունքների պաշտպանություն, և՛ Կառավարության հետ երկխոսություն` բիզնես ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով», – ծրագրի շրջանակներում կոնսորցիումի ընկերությունների ներկայացուցիչների և բիզնես ոլորտի իրավաբանների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Զադոյանը:

«Երբ կա լավ գաղափար, հեշտ է նաև գտնել գործընկերներ», – հավելեց նա և նշեց, որ ծրագրի հիմնական հաղթաթուղթը հենց բիզնես ոլորտի խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման նորարական լուծումն է` վեբ հարթակ, որը նաև թույլ կտա ապահովել ՓՄՁ ներկայացուցիչների գաղտնությունը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանը հույս ունի, որ ծրագրի արդյունքում բիզնեսի աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար խթանիչներ կստեղծվեն, նա անդրադարձավ ինտերնետային հարթակին. «Մենք պետք է ունենանք այդ հարթակը, որտեղ մարդիկ հանգիստ, երբեմն անանուն կերպով կներկայացնեն առկա խնդիրները, դրանք պետք է ստանան շատ արագ լուծումներ, եթե հնարավոր է»,- նշեց նա:

Համաձայն միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտի խոսքերի՝ մյուս խնդիրը, որ պետք է լուծվի՝ իրազեկվածությունն է։

«Գործի կեսը կլինի նաև, որ այդ մասին մշտապես բարձրաձայնվի, որպեսզի մարդիկ իմանան այդ մասին և օգտվեն հարթակից», – ասաց նա։

Այսօր տեղի ունեցավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի մարզային գրասենյակների իրավաբանների վերապատրաստում, որոնք ծրագրի շրջանակներում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում և Կապանում անվճար իրավաբանական խորհրդատվություն կմատուցեն ՓՄՁ-ներին:

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է  Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Առնչվող հոդված IRAVABAN.NET կայքից՝ ՓՄՁ-ները կստանան անվճար իրավաբանական աջակցություն