Նոյեմբերի 26-ին մեկնարկեց Հայաստանում ԵԲԱ կողմից հյուրընկալվող Եվրոպական Բիզնես Կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովը

Երևան, նոյեմբերի 26, 2018 թ․ – Այսօր շուրջ 40 Եվրոպական բիզնես կազմակերպերպություններ (յուրաքանչյուրը ներկայացնում է ԵՄ-ից դուրս գտնվող շուկաները) Երևանում մասնակցում են Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի (ԵԲԿ ՀՑ) տարեկան երկօրյա համաժողովին, որը հյուրընկալվել է ԵԲԿ ցանցի անդամ՝ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից՝ “Բիզնես Արմենիա” հիմնադրամի հետ համագործակցությամբ։

ԵԲԿ ՀՑ երևանյան համաժողովի պաշտոնական մեկնարկի շուրջ 200 մասնակիցներին ողջույնի խոսք է հղել  ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար պարոն Տիգրան Ավինյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար պարոն Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Ն․ Գ․ պարոն Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական Հանձնաժողովի ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ հարցերով գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների հարցերով ներկայացուցիչ պարոն Մաքսիմ Բաբլոնը, ԵԲԿ համաշխարհային ցանցի նախագահ պարոն Ռենատո Պաչեկո Նետոն։

Դեսպան Սվիտալսկին նշել է, որ Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից հյուրընկալվող երկօրյա այս համաժողովը կարևոր հարթակ է մասնակիցների համար միջազգային փորձի փոխանակման, ինչպես նաև գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը ուղղված ԵՄ մոտեցումը համաձայնեցնելու համար: 

«Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովը անդամ երկրների գործարարների համար Հայաստանի նոր տնտեսական քաղաքականությանը, գործարար ոլորտի զարգացումներին ծանոթանալու շատ լավ հնարավորություն է»,- նշել է ԵԲԿ համաշխարհային ցանցի նախագահ Ռենատո Պաչեկո Նետոն։

«Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի հիմնադրումից և ԵԲԿ ցանցին անդամակցելու 3 տարիներին կառավարությունը մշտապես համագործակցել է ցանցի հետ՝ բիզնես մթնոլորտի բարելավման նպատակով։ Այսօր էլ պետությունը գործարար հանրության կողքին է՝ պետություն-մասնավոր երկխոսության, ներդրումների համար ավելի բարենպաստ միջավայր ապահովելու նպատակով»,- նշել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն տիկին Դիանա Սարումովան։

Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ավակ Ավակյանը «Ընտրել Հայաստանը» շնորհանդեսով միջոցառման շուրջ 200 մասնակիցներին է ներկայացրել մեր երկրի ներդրումային միջավայրը, առևտրի բարենպաստ պայմանները։ Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթթլինգ Քոմփանի Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն պարոն Քրիստոֆ Սպեկը, “Էրնսթ ընդ Յանգ” ընկերության իրավաբանական պրակտիկայի ղեկավար պարոն Լևոն Գևորգյանը, Գերմանական տնտեսական միովորման գործադիր տնօրեն պարոն Դիետմար Շտիլը, Ռենկո Առմէստեյտ ընկերության ներկայացուցիչ պարոն Գեղամ Բակլաչեվը ցուցադրեցին ներկայացումներ Հայաստան-ԵՄ շուկայի ընդլայման հնարավորությունների մասին։ Գոլդեն Գրեյփս ԱրմԱս ընկերության գործադիր տնօրեն տիկին Վիկտորիա Ասլանյանը ներկայացրեց “ԱրմԱս” բրենդի ստեղծման, այժմ գինարտատրության ոլորտում հատուկ տեղ զբաղեցնելու և արտահանման փորձի մասին։

Համաժողովի պաշտոնական մեկնարկին հաջորդել է հարց ու պատասխանի ժամանակահատվածը և գործարար նեթվորքինգը։ Այնուհետև, մեկնարկեց միջոցառման երկրորդ փակ մասը՝ Եվրոպական բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչների քննարկումները ԵԲԿ զարգացման քաղաքականության, իրավիճակի վերլուծման վերաբերյալ։

Երևանում ԵԲԿ համաշխարհային ցանցի նոյեմբերի 26-27-ը ընթացող համաժողովի օրակարգում տնտեսական դիվանագիտության, գործարարների շահերի պաշտպանության, համաշխարհային լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր են։