Հուլիսի 7-ին Եվրոպական բիզնես ասոցիացիան գործարար համայնքի ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպել էր բիզնես ֆորում: Միջոցառման ընթացքում քննարկվել են Հայաստանում եվրոպական բիզնեսների հեռանկարները և խոչընդոտները: Խոսվել է օտարերկրյա և տեղական կազմակերպությունների հնարավորությունների, ինչպես նաև բիզնես միջավայրը ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու մասին:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Վարչապետի ներկայությունն այս միջոցառմանը շատ խորհրդանշական է: Այն բոլոր ջանքերի ու հայտարարությունների վկայությունը, որոնք մենք լսում ու ականատես ենք լինում, այն է, որ Կառավարությունը վճռական է ստեղծել ավելի լավ բիզնես միջավայր՝ մասնավորապես Եվրոպայի և ԵՄ-ի հետ կապեր ստեղծելու համար: Մենք շատ ենք գնահատում այս ամենը: Այս դահլիճում նստած բոլոր մարդկանց միավորում է մեկ ընդհանուր նպատակ. մենք ցանկանում ենք, որ եվրոպական ավելի շատ բիզնես գործընկերներ Հայաստանի հետ առևտուր ծավալեն ու ներդրումներ անեն: Հայերը գենետիկորեն ձեռնարկատիրական ջիղ ունեն: Նրանց միայն տարածք է հարկավոր, անվտանգություն ու օրենսդրություն: Այժմ շատ դժվար ժամանակներ են: Ցածր է նաև Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական աճը: Դժվարին ժամանակներ են նաև Եվրոպայի համար, բայց ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք գործի դնել Հայաստանի ունեցած ներուժը: Հայաստանն իր պատմությամբ ու աշխարհագրությամբ կամուրջ կառուցող է: Հայաստանում ավելի շատ եվրոպական բիզնեսներ խթանելով՝ մենք կստեղծենք Հայաստանի և Եվրոպայի միջև մեկ այլ կամուրջ», – ասել է դեսպան Սվիտալսկին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նման միջոցառում անցկացնելու փաստը: «Գործարար համայնքի, ինչպես նաև տնտեսական քաղաքականություն մշակող պատասխանատուների լայն ներկայացվածությունն այս միջոցառմանը թույլ է տալիս կանխատեսել ակտիվ ու կառուցողական քննարկում բոլորիս հուզող հարցերի շուրջ: ՀՀ կառավարությունը շարունակական քաղաքականություն է իրականացնում գործարար միջավայրի տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ երկիր դարձնելու ուղղությամբ: Մենք հռչակել և հետևողականորեն իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում»:
Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան ներկայացրել է Հայաստանում տեղական և օտարերկրյա ներդրողների համար բիզնես միջավայրը բարելավելու հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները: Միջոցառման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր տասից ավելի ասոցիացիաների կողմից, որի շրջանակում ասոցիացիաները պայմանավորվել են միավորել ուժերը բիզնեսի զարգացման համար հիմնական խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծման ուղղությամբ։
Եվրոպական բիզնես ասոցիացիան Հայաստանում ԵՄ բիզնեսների ձայնն է, որը պաշտպանում է բիզնեսների իրավունքները B2G (բիզնես-կառավարություն) հանդիպումներով և PPD (հանրային-մասնավոր երկխոսություն) հարթակի զարգացմամբ:
Եվրոպական բիզնես ասոցիացիայի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում Եվրոպական բիզնես համայնքի ներկայացուցիչներին և դյուրացնել ինտեգրումն ու համագործակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև, ինչպես նաև բարելավել գործարար միջավայրը և խրախուսել օտարերկրյա ներդրումները: