Եվրոպական Բիզնես Ասոցիացիան մասնակցեց ՓՄՁ Զարգացման Խորհրդի նիստին

Դեկտեմբերի 2, Եվրոպական Բիզնես Ասոցիացիան մասնակցեց փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստին, որն ընթացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։

Մինչ օրակարգով նախատեսված քննարկման կետերին անցնելը, խորհուրդին զեկուցվել է ՓՄՁ զարգացման խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Մասնավորապես, ներկայացվել են հետևյալ հարցերի վերաբերյալ քննարկման արդյունքները՝

  • պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի սահմանման,
  • Քրեական և Հարկային օրենսգրքերում ՓՄՁ-ներին առնչվող որոշ դրույթների,
  • ՓՄՁ-ների ու առևտրի կենտրոնների միջև գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրների,
  • բիզնես ինկուբատորի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների։

ՓՄՁ խորհրդի նիստի օրակարգով նախատեսված քննարկումները ընթացան մաքսային կարգավորմների, վարչական իրավախախտումների վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների, ՀՀ-ում լիզինգի՝ որպես այլընտրանքային ֆինանսական գործիքի զարգացմանը վերաբերող և այլ հարցերի շուրջ:

Մտքերի փոխանակման ընթացքում ներկայացվել են որոշ դիտողություններ և կարծիքներ: Վարչապետը կարևորեց խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը և հանձնարարեց պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել վերոնշյալ հարցերը, հստակեցնել դիրքորոշումները և առաջարկություններ ներկայացնել խորհրդի հերթական կայանալիք նիստին: